Վիլյամ Սարոյանը` Չարենցի մասին

Վիլյամ Սարոյանը` Չարենցի մասին

ՀԱՎԵՐԺ ՉԱՐԵՆՑ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԻ, ՀՈՒՅԶԻ, ԾԻԾԱՂԻ, ՎՇՏԻ ԵՎ… ԼՌՈՒԹՅԱՆ Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի մասին Չարենց: Եղիշե Սողոմոնյան էր անունը: Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կնշանակե: Չար՝ ձևով մը կնշանակե խռովարար և ոչ անպայման «գեշ»: «Ենց»-ը պատկանելություն կցուցնե: Խռովքի մարդը: Ասիկա ոչ մասնագիտական բանասիրություն է և ենթադրություն, որ թերևս զուրկ է իմաստե: Բայց և այնպես, մենք վստահաբար կրնանք բան մը իմանալ անձին մասին՝ իրեն համար ընտրած անունին ծանոթանալ:Չարենցեն պահանջվեցավ, որ շարունակե բանաստեղծություն գրել՝ այդ բանաստեղծություններուն մեջ միաժամանակ ներմուծելով պատշաճ քաղաքականություն: Ադ կըներ արդեն, երբ իրեն հանդիպեցա Մոսկվային մեջ 1935-ին մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը:Մոսկվայի մեջ ինթուրիսթի առաջնորդուհին ըսավ._ Թերևս կփափագիք հանդիպել Չարենցին:Հաջորդ օրը զիս առաջնորդեց մետրոպոլ պանդոկը, Չարենցին սենյակը: Քսանյոթ տարեկան էի: Հրապարակված մեկ գիրք ունեի միայն: Ինթուրիսթի առջնորդուհին թակեց դուռը, որ անմիջապես, գրեթե ուժգնորեն բացվեցավ: Ու ես տեսա կարճահասակ մարդ մը՝ շատ խոշոր, կեռ քիթով, որ իմ վրաս խելագարի տպավորություն ձգեց՝ բառին լավագույն իմաստով: Կեռևեփեր ինքնիրմով, մարդկությամբ, բանաստեղծությամբ, տագնապով, հիշատակներով, ձախորդությամբ, զայրույթով, կսկիծով, և, վերջապես, ամեն-ամեն ինչով, որուն մարդ էակը ծանոթ է, ապրած է, և , սակայն, այս կամ այն ձևով հաջողած է պահել իր հակակշռին տակ: Կատաղի աչքեր ուներ, աչքեր, որոնք, սակայն, ջերմ էին ու հաճելի… տարօրինակ հակասություն իր նկարագիրի մյուս գիծերուն հետ: Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություն ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային տարբեր ուղիներով: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կմղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ի՞նչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես 10 տարի մեծ էր, այսինքն՝ երևի 37 տարեկան, բայց ան իմ ճանչցած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կընթանար: Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, և խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն վայրկյան այնքան մոտ կթվար մահվան, խելագարության: Եվ սակայն, աշխարհիկ մեծ իմաստություն մը ուներ: Կարծես ուրախ էր այն իրողության համար, որ ինք և ես կրնայինք իրարու հետ խոսիլ մեր սեփական լեզվով: Հայեր էինք… իսկ աշխարհը տարբեր բան էր: Աշխարհ կրնար մերը ըլլալ, բայց չէր…Խոսեցանք ու խնդացինք, այդպես ընելով՝ իրարու հաղորդեցինք, թե մենք հայեր ենք, եղբայրներ, օտարներ, բարեկամներ և ապա՝ գրողներ, հայ գրողներ: Եղիշե Չարենցը Մոսկվայի մեջ 1935-ի մայիսին կամ հունիսին, երջանիկ, բայց ինձի համար եղերական հայ մը, մարդ մը, բանաստեղծ մը, հայրենասեր մը, քաղաքագետ մըն էր: Զինք նկատեցի աշխարհի մեծագույն մարդոցմեն մեկը: Այդ կարծիքը կպահեմ տակավին: Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի, և, վերջապես, լռության: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ինչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կնետեր ինքզինքը իր սիրեցյալ արևին:Իզուր, խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s