ՆԱՐ- ԴՈՍ «ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ»

Nar-Dos


(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո՜չ էին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՛ւ, հեռո՛ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ… Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո , ես եմ, ես…»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ… ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ… Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

— Է՜յ, է՜յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

— Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

— Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

— Ինչպես թե ինձ ինչ… Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

— Ես ի՞նչ գիտեմ:

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

— Տո, հեռացի՜ր այն կողմն, է՛, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

— Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՛տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

— Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո…

— Հա, ի՜նչ է, ետ չե՜մ քշում, ի՜նչ պետք է անես:

— Ա՜յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

— Ոչ, չեմ տանիլ, միայն մի խեղդիր ինձ:

— Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

1889

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s