Հեռավար առցանց ուսուցում Աշխարհի բնակչություն

Բնակչության թիվը և շարժը

Բնակչությունը որոշակի տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունն է:

Բնակչությունը հասարակության գլխավոր արտադրողական ուժն է, ցանկացած սոցիալ– տնտեսական գործընթացի նախաձեռնողը, իրականացնողն ու կարգավորողը, ինչպես նաեւ հասարակական արտադրության արդյունքների սպառողը: Ահա թե ինչու է բնակչության թվաքանակը համարվում տվյալ երկրի զարգացման կարեւոր գործոններից մեկը: Մշտական փոխազդեցության մեջ մտնելով բնության (աշխարհագրական միջավայրի) հետ՝ բնակչությունը ակտիվ դեր է խաղում նրա վերափոխման մեջ: Գիտական հետազոտություններում, ինչպես նաեւ բազմաթիվ սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման ժամանակ բնակչության քանակը բնութագրող ցուցանիշներից բացի, կարեւոր դեր ունեն նաեւ բնակչության որակը բնութագրող ցուցանիշները: Բնակչության որակը բնութագրող ցուցանիշները պայմանավորված են մարդկանց կյանքի տնտեսական (օր.՝զբաղվածությունը, մեկ շնչին հասնող միջին եկամուտը), հասարակական (առողջապահության, ժողովրդավարության մակարդակը), մշակութային (գրագիտության աստիճանը), բնապահպանական (շրջակա միջավայրի վիճակը) եւ այլ ոլորտների զարգացման մակարդակով:

Բնակչության հաշվառման անհրաժեշտությունը ծագել է դեռեւս ստրկատիրական ժամանակաշրջանում: Պետությունների ռազմական եւ հարկային քաղաքականությունը պահանջում էր ճշգրիտ տեղեկություններ բնակչության թվի, սեռի եւ տարիքի վերաբերյալ: Առաջին մարդահամարներն անց են կացվել են Ք.ա. III հազարամյակում` Եգիպտոսում եւ Հին Չինաստանում: Ժամանակակից մարդահամարները, որոնք համընդհանուր եւ պարբերական բնույթ են կրում (5 կամ 10 տարի պարբերությամբ, լայն տարածում ստացան Եվրոպայում եւ ԱՄՆ–ում XIX դարում: Հայաստանի Հանրապետությունում մարդահամար անց է կացվել 2001 թ. հոկտեմբերին: Մարդահամարը բնակչության վերաբերյալ առավել հավաստի ու լրիվ տեղեկույթի աղբյուր է:Սակայն պետական մարմիններին բնակչության մասին տվյալներն անհրաժեշտ են նաեւ միջմարդահամարային տարիներին: Բացի այդ՝ բնակչության միաժամանակյա հաշվառման` մարդահամարի դեպքում հնարավոր չէ ստանալ բնակչությունը բնութագրող մի շարք կարեւոր տվյալներ, ինչպիսիք են ծնունդը, մահացությունը, արտագաղթը, ներգաղթը, ամուսնությունը եւ ամուսնալուծությունը: Այդ պատճառով կատարում են բնակչության ամենամյա ընթացիկ հաշվառում: Դրանով գնահատվում է բնակչության թիվը, շարժը, կազմն ու տեղաբաշխումը միջմարդահամարային տարիների համար:

Աշխարհի եւ նրա առանձին տարածաշրջանների բնակչության թվի, կազմի եւ շարժի մասին տվյալների հաշվառումը, 1940–ական թվականներից սկսած, կատարվում է ՄԱԿ–ի տնտեսական եւ հասարակական խորհրդի ազգաբնակչության գծով հանձնաժողովի կողմից:

Ժողովրդագիր մասնագետների հաշվարկներով՝ մարդկության ամբողջ պատմության ընթացքում երկրագնդում ծնվել է ավելի քան 80 մլրդ մարդ կամ փոխվել է 20 հազար սերունդ (եթե մեկ սերնդի կյանքի միջին ժամկետը համարենք 30 տարի): Հնագույն ժամանակներում բնակչության թիվն աճել է շատ դանդաղ: Նույնիսկ բազմամուսնության

պայմաններում ծնելիության եւ մահացության բարձր ցուցանիշների հետեւանքով բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում աճել է աննշան: Այն արագացել է հասարակության զարգացմանը համընթաց: Բնակչության թվի աճի մի փոքր մեծացումը կամ, ինչպես ասում են, ժողովրդագրական առաջին հեղափոխությունը Ք.ա. 7–րդ հազարամյակում կապված էր մարդկանց քոչվորական կյանքից նստակյաց տնտեսության (հողագործություն եւ անասնապահություն) անցման հետ, որի շնորհիվ հնարավոր էր կայուն մթերքով ապահովել ավելի շատ մարդկանց: Ենթադրվում է, որ այդ ժամանակաշրջանում երկրագնդի բնակչության թիվը 10 մլն էր, իսկ մեր դարաշրջանի

սկզբին՝ 200–250 մլն մարդ: Ք. հ. I հազարամյակում բնակչության թիվը շարունակում էր աճել դանդաղ: Դրա պատճառները հաճախակի կրկնվող համաճարակներն ու պատերազմներն էին: Երկրորդ հազարամյակից սկսած՝ բնակչության թվի աճի տեմպերն

արագացան, սակայն մինչեւ XV դարը այն շատ անկայուն էր: 1000 թ. աշխարհի բնակչության թիվը 305 մլն էր, 1500 թ.` 440 մլն, իսկ 1650 թ.` 550 մլն:

Արդյունաբերության զարգացումը Արեւմտյան Եվրոպայում XVII–XIX դարերում հանգեցրեց ժողովրդագրական երկրորդ հեղափոխության, որն արտահայտվեց բնակչության թվի աճի տեմպերի կտրուկ մեծացմամբ: Եվրոպական երկրներում արդյունաբերական ու գիտական հեղաշրջման ժամանակաշրջանում բժշկական սպասարկման բարելավման շնորհիվ կարճ ժամանակահատվածում բնակչության մահացության ավանդական բարձր մակարդակը զգալիորեն իջավ, մինչդեռ ծնելիության մակարդակը շարունակում էր մնալ բարձր:

Նույն ժամանակաշրջանում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի բնակչության թվի աճի տեմպերը շարունակում էին մնալ ցածր: Հիմնական պատճառները բնակչության

կենսամակարդակի ու բժշկության զարգացման ցածր մակարդակներն էին: Եթե մինչեւ XVI–XVII դդ. երկրագնդի բնակչության թվի տարեկան աճը եղել է 0,1%, ապա XVII–XIX դդ. այն կազմել է 0,5–1,0%, իսկ տարեկան բացարձակ աճը` 5–10 մլն մարդ: Մարդկության պատմության մեջ երկրագնդի բնակչության թիվը ամենաարագ տեմպերով աճել է XX դարում, հատկապես 1950–1970–ականներին: Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը տարեկան աճում էր 1,7–1,8%–ով, իսկ բացարձակ աճը կազմում էր 50– 70 մլն մարդ: Բնակչության թվի այդպիսի աննախադեպ աճը ստացավ ժողովրդագրական պայթյուն անվանումը: Այն հատուկ էր Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի նորանկախ երկրներին, որտեղ բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ էապես կրճատվել էր մահացությունը, իսկ ծնելիությունը շարունակում էր մնալ բարձր: Մեր օրերում այդ երկրներին բաժին է ընկնում երկրագնդի բնակչության թվի տարեկան աճի 90%–ը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը տարեկան աճում է 1,2–1,3%–ով

կամ 80–85 մլն մարդով: Բերված դիագրամից պարզ երեւում է, որ բնակչության թվի 1 մլրդ– ով ավելանալու ամենակարճ ժամկետը եղել է 12 տարի (1987–1998 թթ.) (նկ. 38): Ինչպես երեւում է աղյուսակից (աղ. 10) եւ դիագրամից (նկ. 39), բնակչության թվի աճի տեմպերը տարբեր են ըստ աշխարհամասերի եւ տարածաշրջանների: XX դ. վերջում եւ XXI դ. սկզբում բնակչության թվի ամենաբարձր տեմպերով աճ ունի Աֆրիկան, որին հաջորդում է Լատինական Ամերիկան եւ Ասիան: Միեւնույն ժամանակ դանդաղել են Եվրոպայի, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի եւ Ավստրալիայի բնակչության թվի աճի տեմպերը: Ներկայումս երկրագնդի բնակչության թիվը կազմում է 6,8 մլրդ մարդ: ՄԱԿ–ի մասնագետների կանխատեսմամբ` երկրագնդի բնակչության թիվը 2025 թ. կլինի 8,3 մլրդ մարդ, իսկ XXI դ. վերջերին կկայունանա 10–12 մլրդ–ի սահմաններում:

Բնակչության վերարատադրություն

Աշխարհի տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում բնակչության աճի տեմպերը

տարբեր են, քանի որ տարբեր է ծնունդների ու մահացությունների թիվը, այսինքն` բնական շարժը, ինչպես նաեւ տվյալ երկիր կամ տարածաշրջան ներգաղթողների եւ երկրից հեռացողների թիվը, այսինքն` մեխանիկական շարժը: Երկրների մեծ մասում բնակչության թվի աճի հիմնական աղբյուրը բնական շարժն է: Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է, որը տեղի է ունենում բնական եղանակով` ծննդի եւ մահացության արդյունքում: Բնական շարժի հետեւանքով մարդկանց սերունդների անընդհատ վերարտադրության եւ հերթափոխման գործընթացի ամբողջությունը կոչվում է բնակչության վերարտադրություն: Բնակչության վերարտադրության վրա ազդում են

ինչպես կենսաբանական, այնպես էլ տնտեսական, սոցիալ–մշակութային, ժողովրդագրական եւ հոգեբանական գործոնները: Թեեւ ծնունդը եւ մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները: Բնակչության բարեկեցության աճը, կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը, կանանց զբաղվածության աճը, ուրբանիզացման մակարդակի բարձրացումը, երեխաների կրթության եւ դաստիարակության վրա կատարված ծախսերի աճը սովորաբար իջեցնում են ծնելիության ցուցանիշները: Բնակչության ծնելիության մակարդակը պայմանավորված է նաեւ հասարակության մեջ կնոջ դերով, ազգային ավանդույթներով ու կրոնական պատկանելությամբ: Մասնավորապես բարձր ծնելիությունը խրախուսում են մահմեդական եւ բուդդայական կրոնները: Բնակչության վերարտադրության վրա ուղղակի եւ անուղղակի կերպով շատ մեծ բացասական ազդեցություն են թողնում

պատերազմները: Այսպես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքները մի շարք պետությունների ¥Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա եւ այլն) բնակչության բնական վերարտադրության ցուցանիշների վրա ալիքաձեւ կերպով զգացվել է երկար տասնամյակների ընթացքում: Ներկայումս աշխարհի բնակչության բնական աճի միջին ցուցանիշը 1,26% է: Բնական աճի աշխարհագրական տարբերությունները նախ եւ առաջ պայմանավորված են բնակչության ծնելիության ցուցանիշների տարածքային տարբերություններով : Երկրներն, ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների, բաժանվում են երկու տիպի: Բնակչության վերարտադրության առաջին տիպին հատուկ

են բնական աճի ցածր ցուցանիշները ¥մինչեւ 0,5–1%): Այս տիպը բնորոշ է Եվրոպայի երկրներին եւ այլ տարածաշրջանների՝ համեմատաբար զարգացած երկրներին: Կայուն եւ համեմատաբար բարձր բնական աճ ունեն ԱՄՆ–ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Եվրոպական երկրների մի մասում բնական աճը չի

ապահովում բնակչության կայուն եւ ընդլայնված վերատադրություն: Իսկ Արեւելյան Եվրոպայի երկրներում եւ տնտեսապես զարգացած մի շարք այլ երկրներում (Գերմանիա, Իտալիա եւ այլն) վերջին տասնամյակներում պակասել է ծնելիությունը (միջին հաշվով՝ մեկ

ընտանիքում 1–2 երեխա), բայց աճել են բնակչության երկարակեցությունը եւ դրա հետ կապված մահացությունը: Դա նշանակում է, որ բնակչության բնական աճը բացասական է, եւ արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում` ապաբնակեցում: Ներկայումս այդպիսի երեւույթ առկա է Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում եւ արեւելաեվրոպական ¥նախկին սոցիալիստական) այլ երկրներում: Նման վիճակն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ, որի բացասական հետեւանքները` ծնելիության կրճատումը, բնակչության ծերացումը, աշխատուժի պակասը, ավելի կխորանան մոտ ապագայում: Բնակչության վերարտադրության երկրորդ

տիպը ձեւավորվել է Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի նոր զարգացող երկրներում: Այս տիպը բնութագրվում է ծնելիության եւ բնական աճի սովորաբար 2%–ից բարձր եւ մահացության համեմատաբար ցածր ու չափավոր ցուցանիշներով: Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3–4 երեխա, ապա Աֆրիկայի եւ Ասիայի հետամնաց ագրարային երկրներում` 6–7 երեխա: Այդ երկրներին բնորոշ են աղջիկների վաղ ամուսնությունը, կրթական ցածր մակարդակը եւ տնտեսության մեջ ներգրավման ցածր աստիճանը, գյուղական բնակչության գերակշռությունը, մանկական մահացության բարձր ցուցանիշները: XX դ. 50–60–ական թվականներին անկախություն նվաճելուց հետո այդ երկրները հնարավորություն ստացան լայնորեն օգտագործելու ժամանակակից առողջապահության նվաճումները առաջին հերթին համաճարակային հիվանդությունների դեմ պայքարում: Դա հանգեցրեց մահացության թվի կրճատման, իսկ ծնելիությունը մնաց նախկին` շատ բարձր մակարդակի վրա: Դրա հետեւանքով տեղի

ունեցավ բնակչության թվի կտրուկ աճ` ժողովրդագրական պայթյուն: Բնակչության վերարտադրության բարձր տեմպերը սոցիալ–տնտեսական զարգացման ցածր մակարդակի պայմաններում ավելի են սրում այդ երկրներին բնորոշ պարենային, գործազրկության, բնակարանով ապահովվածության, աղքատության եւ այլ հիմնախնդիրներ: Ժողովրդագրական քաղաքականություն: Աշխարհի երկրների մեծ մասը ձգտում է կարգավորել բնակչության վերարտադրությունը, այսինքն՝ ժողովրդագրական հատուկ քաղաքականություն է վարում:

Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական

եւ այլ միջոցառումների համակարգ է, որի օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ՝ ծնելիության) վրա: Հասկանալի է, որ ժողովրդագրական քաղաքականության ուղղությունը նախ եւ առաջ կախված է այս կամ այն երկրում ձեւավորված բնակչության

վերարտադրության բնույթից: Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության ծնելիությունը, հետեւապես նաեւ բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: Պետությունը խրախուսում է

բազմազավակությունը. նորածիններին տալիս է նպաստներ, ծնողներին՝ վճարովի արձակուրդներ եւ այլ արտոնություններ: Առանձին երկրներում արգելվում է հղիության արհեստական ընդհատումը: Զարգացած երկրներից ժողովրդագրական ակտիվ եւ արդյունավետ քաղաքականություն վարող երկրներից են Ճապոնիան, Ֆրանսիան եւ արեւմտաեվրոպական շատ երկրներ: Դրա շնորհիվ նշված երկրներում վերջին տասնամյակներին նկատվում է բնակչության ընդլայնված վերարտադրություն: Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության ծնելիության, հետեւապես նաեւ

բնական աճի կրճատմանն ու ընտանիքի պլանավորմանն ուղղված ժողովրդագրական քաղաքականություն: Առավել մեծ աշխատանքներ են այդ ուղղությամբ իրականացնում Չինաստանը եւ Հնդկաստանը: Չինաստանի ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է. «Մեկ ընտանիք, մեկ երեխա»: Չինաստանի սահմանադրությամբ երկարաձգվել է ամուսնության տարիքը: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Եթե 1968 թ. Չինաստանում բնական աճը կազմել է 2,8%, ապա 2007 թ.՝ 0,6%: Հնդկաստանում տարածված է «Մեկ ընտանիք, երկու երեխա» կարգախոսը: Սակայն Հնդկաստանում դեռեւս պահպանվում է բնակչության բարձր ծնելիությունը: Աշխարհի յուրաքանչյուր 5–րդ նորածին բաժին է ընկնում Հնդկաստանին:

Ժողովրդագրական քաղաքականության իրականացման համար կարեւոր գիտական հիմք է ժողովրդագրական անցման տեսությունը, որը կապում է ժողովրդագրական

գործընթացները սոցիալ–տնտեսական զարգացման հետ: Առանձնացնում են միմյանց հերթափոխող ժողովրդագրական անցման 4 փուլ, որոնք միմյանցից տարբերվում են բնակչության վերարտադրության բնույթով:

Առաջին փուլն ընդգրկում է մարդկության գրեթե ողջ պատմությունը եւ բնութագրվում է ծնելիության ու մահացության (հատկապես մանկական) բարձր ցուցանիշներով եւ ցածր բնական աճով: Այն հատկանշական էր մինչկապիտալիստական ժամանակաշրջանին: Երկրորդ փուլը բնութագրվում է մահացության կտրուկ նվազմամբ (բժշկության զարգացման շնորհիվ), ծնելիության ավանդական բարձր ցուցանիշի պահպանմամբ:

Բնական աճի այսպիսի կտրուկ բարձրացումը հանգեցրել է ժողովրդագրական պայթյունի: Նման իրավիճակ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում նկատվել է XVIII–XIX դդ., 1950–70–ական թվականներին՝ Լատինական Ամերիկայում եւ Ասիայում, իսկ վերջին տասնամյակներին` Աֆրիկայում:

Երրորդ փուլը բնութագրվում է մահացության ցածր ցուցանիշներով (երբեմն բնակչության ծերացման հետ կապված՝ նկատվում է մահացության մի փոքր աճ): Այս փուլում ծնելիությունը նույնպես նվազում է, սակայն շարունակում է գերազանցել

մահացությանը՝ ապահովելով չափավոր ընդլայնված վերարտադրություն եւ բնակչության թվի աճ: Այս փուլը համընկնում է երկրների տնտեսական զարգացման արդյունաբերական փուլին:

Չորրորդ փուլը կապված է հասարակության հետարդյունաբերական փուլին անցման հետ: Այս փուլում ծնելիության ցուցանիշները նվազում են ու հավասարվում մահացության ցուցանիշներին, բնական աճը մոտենում է 0–ի, եւ բնակչության թիվը կայունանում է որոշակի մակարդակի վրա: Ներկայումս զարգացած երկրների զգալի մասը ժողովրդագրական անցման այս փուլում է: Հեռանկարում՝ մոտակա տասնամյակների

ընթացքում, մեծ թվով երկրներ սոցիալ–տնտեսական զարգացման շնորհիվ կմտնեն չորրորդ փուլ: Համաձայն այս տեսության՝ այդ ժամանակ աշխարհի բնակչության թվի աճը կանգ կառնի եւ կկայունանա որոշակի մակարդակի վրա (մասնագետների կարծիքով՝ 12 մլրդ մարդու սահմաններում:

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի, յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել առանձին երկրների օրինակով։

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Բնակչության վերարտադրության վրա ազդում են մի շարք գործոններ օրինակ՝ տաք ու ցուրտ երկրներում տարբեր են մարդկանց հասունացման ժամանակահատվածը, գործոն են նաև բնակչության սեռատարիքային կառուցվածքը, տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը, ամուսնությունն ու ամուսնալուծությունը, ինչպես նաև մշակութային, կրթական, սոցիալ֊տնտեսական, բնակլիմայական, քաղաքական, ծագումնաբանական և այլ գործոններ։

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

World_map_blank.png

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s