Բակտերիաների կառուցվածքը
Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) թագավորությունը: Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ:

Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են: Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինրև 90 միլիոն բակտերիա։
Բջջի կառուցվածք
Բակտերիաներ լինում են գնդաձև (կոկեր), ցուպիկաձև (բացիլներ) և պտուտակաձև (վիբրիոններ, սպիրիլներ)։ Ցուպիկաձև բակտերիաների երկարությունը 1-8 մկմ է, լայն.՝ 0,5-2 մկմ, գնդաձևերի միջին տրամագիծը 0,5-1 մկմ է։ Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են թաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը։ Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ։ Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի քիմիական նյութերի և ջերմաստիճանի փոփոխություն ևն)։ Յուրաքանչյուր բակտերիա գոյացնում է 1 սպոր, հետևաբար սպորներ առաջացնելը ոչ թե բազմացման եղանակ է, այլ տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ։ Սպորները տարբերվում են ձևով, չափերով, բջջում տեղադրությամբ։ Ի տարբերություն վեգետատիվ բջիջների (որոնք կարող են բազմանալ), սպորները բնորոշվում են ճարպերի և ճարպանման նյութերի (լիպիդներ) ավելի բարձր և ջրի համեմատաբար փոքր պարունակությամբ, որի համար էլ խիստ կայուն Են արտաքին ազդեցությունների (ջերմաստիճան, արեգակի լույս և այլն) նկատմամբ, իսկ դա հնարավորություն է տալիս կենսունակությունը պահպանել երկար տարիներ։ Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են՝ առաջացնելով վեգետատիվ բջիջներ։
Բակտերիաների բազմացումը
Բակտերիաներ բազմանում են կիսման եղանակով, և առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ևս նման են մայրական բջջին: Արհեստական պայմաններում բակտերիաների աճեցման համար օգտագործում են սննդարար միջավայրեր, հիմնականում մսապեպտոնային արգանակ և մսապեպտոնային ագար, որոնցում բազմացման արագությունը շատ բարձր է: Մոտավորապես յուրաքանչյուր 20 րոպեում բակտերիաներ կիսվում են՝ առաջացնելով 2 դուստր բջիջներ:
Բակտերիային հիվանդություններ
Մեր օրգանիզմը լի է տարատեսակ բակտերիաներով, որոնց այլ կերպ անվանում են մանրէներ կամ միկրոբներ։
Ավելի պատկերավոր լինելու համար զուտ փաստենք, որ մեր մարմնի վրա և ներսում ապրում են ավելի շատ բակտերիաներ, քան մեր բջիջների ընդհանուր թվաքանակն է:
Սակայն մեր մաշկի և լորձաթաղանթների մակերեսներին կամ մեր աղիներում բնակվող բակտերիաների մեծ մասը ախտածին չեն, ինչը նշանակում է, որ դրանք որևէ հիվանդություն չեն առաջացնում։ Ավելին, դրանց մի մասը մեր առողջության համար նույնիսկ խիստ անհրաժեշտ են:
Սակայն որոշ դեպքերում (օրինակ՝ օրգանիզմի իմունային համակարգի՝ դիմադրողականության թուլացում) և ավելի հաճախ՝ արտաքին աշխարհից մեր օրգանիզմ մուտք գործած մանրէները կարող են հարուցել վարակային հիվանդություններ, որոնք կոչվում են «բակտերիային վարակներ» կամ «բակտերիային վարակային հիվանդություններ»։
Բակտերիային վարակները կարող են ախտահարել մեր օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և բոլոր հյուսվածքները: Առավել հայտնի վարակային հիվանդությունների դեպքում դրանց հարուցիչները վնասում են մեր բերանի խոռոչը և ըմպան-կոկորդը, թոքերը, մաշկը, ստամոքս-աղիքային խողովակը:
Բակտերիային հիվանդությունների մեծ մասն ունի մեղմ սկիզբ և ընթացք, բայց դրանց կողքին կան նաև սուր, անգամ՝ գերսուր սկիզբ և ընթացք ունեցող վարակներ: Որոշ բակտերիալ վարակներ կարող են կյանքի համար դառնալ լուրջ սպառնալիք՝ զարգացնելով սեպտիկ շոկ:
Բակտերիային վարակները կարող են լինել խիստ վարակիչ և ունենալ հիվանդ մարդուց առողջին փոխանցվելու տարբեր ճանապարհներ՝ սկսած օդակաթիլայինից մինչև բերանի միջոցով (կեղտոտ ձեռքերի միջոցով, վարակված ջուր, սնունդ և այլն):
Որպես կանոն, բակտերիային վարակների բուժման համար բժիշկները նշանակում են հակաբիոտիկներ:
Վարակիչ հիվանդությունների ընդհանուր կանխարգելումը ներառում է բոլորիս հայտնի անձնական հիգիենայի կանոնների պահպանելը, առաջին հերթին՝ ձեռքերը լավ լվանալը և ընդհանուր օգտագործման սպասքից չօգտվելը:
Զարմանալի փաստեր վիրուսների ու բակտերիաների մասին.
- Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:
- Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:
- Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:
- Մեր մաշկը օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:
- Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:
- Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:
- Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:
- Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:
- Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:
- հազի ժամանակ կամ փռշտոցի բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա: