Կաթնասունների ընդհանուր բնութագիրը
Կաթնասունները ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ նախագազանների և իսկական գազանների: Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։ Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։ Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։ Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։ Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով: Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են:
Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:
Կաթնասունների ներքին կառուցվածքը Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է 26−34°C, օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ: Թռչունների նման կաթնասուններն էլ չեն կարող երկար ժամանակ մնալ առանց սննդի՝ էներգիայի աղբյուրի: Կերի պակասության պատճառով շատ կաթնասուններ քուն են մտնում՝ արջեր, մյուսները գաղթում՝ կետեր, չղջիկներ:
Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝ 1. թթվածնի ինտենսիվ կլանում. մաշկի մակերեսը մի քանի անգամ գերազանցող թոքերի ներքին մակերեսը թույլ տվեց լուծել այդ խնդիրը: 2. քառախորշ սիրտ. մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան: 3. մազածածկույթ. մաշկի մազերը կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ: 4. ակտիվ կողմնորոշում և հաղորդում: Մեծ կիսագնդերի կեղևի գալարները լուծում են այդ խնդիրը: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ կաթնասունները բարձրագույն զարգացման հասած ողնաշարավոր կենդանիներն են:

Մարսողական համակարգ Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ: Զարգացմամբ պայմանավորված՝ կաթնասունների ծնոտները առաջ են սրված՝ ստեղծելով կենդանու բերանը, դունչը և քիթը: Կաթնասունների յուրահատուկ բերանը շրջափակված է նրանց բնորոշ զգայուն և մսալի շրթունքներով:

Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝ 1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. 12-մատնյա աղիք, 6. բարակ աղիք, 7. հաստ աղիք, 8. ուղիղ աղիք, 9. հետանցք Բերանում բացվում են թքագեղձերի ծորանները: 12-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: Կաթնասունները կոյանոց չունեն: Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Այն վնասազերծում է հաստ աղիքում հայտնված վնասակար նյութերը: Բացառություն են կազմում միայն նախագազանները, որոնք ունեն կոյանոց: Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների: Կրծողների՝ առնետների, մկների, նապաստակների, կուղբերի մոտ զարգացած են հատկապես կտրիչները: Գիշատիչների՝ գայլերի, արջերի, հովազների, կզաքիսների մոտ զարգացած են հատկապես ժանիքները: Որոճողների՝ ցուլերի, զեբրերի, եղջերուների, այծերի մոտ զարգացած են հատկապես սեղանատամները: Արտազատական համակարգ Կաթնասունների արտաթորության օրգանները որովայնի խոռոչում գոտկային ողերի երկու կողմերում տեղավորված զույգ լոբաձև երիկամներն են: Առաջացած մեզը երկու միզածորաններով լցվում է միզափամփուշտ և միզածորանով պարբերաբար դուրս գալիս: Միզածորանները միանում են սեռական օրգաններից եկող ծորաններին և միավորվելով՝ բացվում դուրս:Շնչառական համակարգ Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով: Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերից: Կաթնասուններն ունեն հատուկ մկան՝ ստոծանի, որը որովայնի խոռոչը բաժանում է կրծքավանդակի խոռոչից և մասնակցում է շնչառական շարժումներին: Շնչառական ուղիներն ունեն հետևյալ հաջորդականությունը. 1. քթանցքեր 2. քթի խոռոչ3. կոկորդ4. շնչափող5. զույգ բրոնխներ6. բրոնխեոլներ Կոկորդում գտնվում են կաթնասունների ձայնալարերը, որոնց շնորհիվ կաթնասունները արտաբերում են տարբեր ձայներ: Կաթնասունները ձայներով հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակվում ազդանշաններով: Ձիերը խրխնջում են, մկները՝ ծվծվում, առյուծները՝ մռնչում, շունը՝ հաչում, կատուն՝ մլավում, կովը՝ բառաչում և այլն: Շնչափոխը ճյուղավորվում է զույգ բրոնխների, որոնցից յուրաքանչյուրը մտնում է մեկական թոք: Բրոնխները թոքերի կազմում ծառի սաղարթի նման ճյուղավորված են մանր բրոնխիոլների: Բրոնխեոլները խաղողի ողկույզների տեսք ունեն, պատված են մազանոթային խիտ ցանցով և գտնվում են թոքերի մեջ: Բրոնխեոլներում տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և արյան միջև: Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:

Թոքերը և սիրտը վերևից հենվում են ստոծանու վրա: Շնչառական շարժումները և գազափոխանակությունը կատարվում են հետևյալ հերթագայությամբ՝ 1. թուլանում է ստոծանին, 2. կծկվում են միջկողային մկանները,3. օդը անցնում է թոքեր,4. կատարվում է ներշնչում, 5. կատարվում է գազափոխանակություն,6. կծկվում է ստոծանին,7. թուլանում են միջկողային մկանները, 8. թոքերի ծավալը փոքրանում է, 9. կատարվում է արտաշնչում, 10. CO2-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից: Արյունատար համակարգԿաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են: Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ: Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից: Աորտային ձախ աղեղը — դուրս է գալիս ձախ փորոքից և սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանը: Զարկերակային արյունը գնում է հյուսվածքներ և վերածվում երակայինի: Ավարտվում է աջ նախասրտում: Թոքային զարկերակը — դուրս է գալիս աջ փորոքից և սկսվում է արյան շրջանառությանփոքր շրջանը: Երակային արյունը գնում է թոքեր և վերածվում զարկերակայինի: Ավարտվում է ձախ նախասրտում: Կաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով: Կաթնասունների արյան կարմիր գնդիկները՝ էրիթրոցիտները, քանակով ավելի շատ են, անկորիզ և մանր:

Նյարդային համակարգ Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝ I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին: II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում: III. նյարդերից — դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը: Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում է հետևյալ գործընթացները. 1. Երկարավուն ուղեղ — կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները: 2.Միջին ուղեղ — ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները: 3. Միջակա ուղեղ — ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը և բնազդները: 4. Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը: 5. Առջևի ուղեղ — կազմված է երկու կիսագնդերից, որոնք պատված են կեղևով: Կեղևը, հասնելով զարգացման բարձր մակարդակի, ձեռք է բերել բազմաթիվ ծալքեր՝ ակոսներ և գալարներ: Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը:

Զգայարաններ Կաթնասուններն ունեն 5 զգայարան՝ 1. տեսողական,2. լսողական,3. հոտառական,4. շոշափելիքի,5. համի: Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր աչքերն են: Լավ զարգացած է հատկապես կապիկների մոտ: Լսողական զգայարան — թռչունները, բացի ներքին և միջին ականջներից,ունեն նաև արտաքին ականջ՝ ականջախեցի, որում բացվում է լսողական անցուղին: Լավ զարգացած է հատկապես չղջիկների մոտ: Հոտառական զգայարան — գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը: Լավ զարգացած է հատկապես շների մոտ: Շոշափելիքի զգայարան — լեզուն, շրթունքները և վիբրիսները: Վիբրիսները հիմնականում տեղակայված են դնչի վրա, քթի մոտ: Լավ զարգացած է հատկապես վագրերի մոտ: Համի զգայարան — կաթնասուններն ունեն նաև համի զգայարաններ, որի հիմնական օրգանը լեզուն է: Տարբերակում են հիմնական համերը: Լավ զարգացած է հատկապես սկյուռների մոտ:
- Կաթնասունների ընդհանուր բնութագիրը: Արտաքին և ներքին կառուցվածքը, նրանց ձեռք բերած տարբեր հարմարությունները, առավելությունները՝ տարբեր արտաքին պայմաններին հարմարվելու, ապրելու համար:
- Կարող եք գտնել հետաքրքիր կարճամետրաժ տեսանյութեր տարբեր կաթնասունների մասին, թարգմանել և նյութ պատրաստել:
- Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին