1.Ընթերցողական նախագծեր
«Կարդում ենք Ավ․ Իսահակյան» նախագիծ «Անհաղթ սուլթանը», «Հայրենի հողը» ստեղծագործությունները, բլոգում գրում իրենց կարծիք-վերլուծությունները։
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։
Բայց, նազելի՛ս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սրտատենչ։
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս։
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…